Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Պատմական ակնարկ


       ԱՐԱՐԱՏԻ մարզը հյուսիսից սահմանակից է Կոտայքի մարզին, որի հետ սահմանն անցնում է Ազատ գետով մինչև Ազատի ջրամբարը: Այնուհետև սահմանը թեքվում է դեպի արևմուտք, որտեղ սահմանակից է Երևան քաղաքին, Արմավիրի մարզին` մինչև Արաքս գետը, որով բաժանվում է Թուրքիայից, գետի հոսանք ի վար մինչև Նախիջևանի սահմանը: Հյուսիս արևելքում մինչև Հունուտի լեռնաշղթայի Հունուտ գագաթը, անցնելով մի կողմից դեպի Արաքս հոսող Արածո գետի, Վեդի Ազատ գետերի ավազանների, մյուս կողմից դեպի Սևանի ավազանը հոսող գետերի ջրբաժանով` այն էԳնդասար, Մանկուկ, Ծաղկավետ, Փոքր ու Մեծ Սպիտակ սարերով: Հունուտից մինչև Գնդասար մարզը սահմանակից է Վայոց ձորի, իսկ այնուհետև մինչև Կոտայքի մարզը` Գեղարքունիքի մարզին:
Հին է ԱՐԱՐԱՏ անունը: Այն գալիս է մարդկության հիշողության ակունքներից, աստվածաշնչային համաշխարհային ջրհեղեղի, Նոյյան տապանի ու բաբելոնական աշտարակաշինության ժամանակներից: Ի սկզբանե Արարատ անունը անխզելիորեն կապված է հայ ժողովրդի անվան հետ, որն արդեն հինգ հազարամյա հնություն ունի հաշված այն ժամանակներից, երբ Քրիստոսից քսանհինգ դար առաջ, այն է 2492 թվականի օգոստոսի 11-ին Հայոց ձորի ճակատամարտում նետահար ընկավ բռնակալ Բելը: Այդ ճակատամարտը ոչ միայն հայկյանների հաղթանակի ճակատամարտն էր ստրկություն ու կապանքներ բերող բռնակալի դեմ, այլև դարձավ հայոց ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ առաջին, բայց դժբախտաբար, ոչ վերջին ճակատամարտը:
Մարզի տարածքը, ըստ 7-րդ դարի ՙԱշխարհայոց՚-ի ընդգրկում է Այրարատ աշխարհի Ոստան Հայոց, Ուրծ, Արած գավառները և Մազազ գավառի մի մասը 2096 քառակուսի կիլոմետր է: Հետաքրքիր է, որ ըստ նշված աղբյուրի տվյալների Ոստան Հայոց, Ուրծ և Արած գավառների տարածքները միասին կազմել է 2175 քառակուսի կիլոմետր: Եթե նկատի ունենանք, որ Արած գավառի մի մասը այժմ գնտվում է Նախիջևանի կազմում, ապա ստացվում է, որ մարզի տարածքը մոտավորապես համընկնում է ՙԱշխարհայոց՚-ի տվյալներին: Ընդ որում Ոստան գավառն էլ միշտ կարևոր ու կենտրոնական դիրք է գրավել, այնտեղ են գտնվել հայոց Արտաշատ և Դվին մայրաքաղաքները և հանդիսացել է Արշակունի թագավորների արքունական կալվածքը: Այն երկրի համար հանդիսացել է քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոն, ինչպես նաև Հայաստանով անցնող միջազգային առևտրական ճանապարհի հայաստանյան ամենաբանուկ խաչմերուկներից մեկը:
Մարզի տարածքում կա չորս քաղաք և 93 գյուղական համայնք: Բնակչության թիվը `272016 մարդ/բոլոր տվյալները ըստ 2001թ մարդահամարի/:
Մարզի տարածքն ունի ինչպես կարևոր տնտեսաշխարհագրական, այնպես էլ ռազմավարական դիրք: Այնտեղով են անցնում հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող երկաթուղու մի հատվածը, հանրապետական, ինչպես նաև միջպետական նշանակության Երևան-Վայոց ձոր-Սյունիք և ապա Արցախ ու Իրան ավտոմայրուղին:
Եվ այսպես: Արարատ անունը ի սկզբանե անխզելիորեն կապված է հայ ժողովրդի
ծագման ու գոյատևման հետ: Այդ անունով է կոչվում նրա գոյության խորհրդանիշը հանդիսացող լեռը, որն ամենաբարձրն է ոչ միայն Հայկական լեռնաշխարհում, այլև ամբողջ մերձավոր արևելքում,/Մասիսը`5165մ, Սիսը 3925մ ,գոգավորությունը /դաշտ/, որը եղել ու մնում է ոչ միայն որպես մի բարեբեր ու հազարամյակներ առաջ յուրացված հողակտոր, այլև ՙթափառող մայրաքաղաքների՚ երկրի Հայաստանի համար տասներեք մայրաքաղաքներից հինգի հիմնադրման վայրը` Արմավիրից մինչև Երևան: Ի թիվս այլոց Արարատի անունն է կրում Հայաստանի Հանրապետության գողտրիկ անկյուններից մեկը` Արարատի մարզը` Արարատյան դաշտում, Արարատի
անթարթ հայացքի տակ::
Բնության ու մարդու կողմից արարված այս հողակտորը աչքի է ընկնում բնական ու մարդու կողմից յուրացված կենսատարածքների յուրահատկություններով, խայտաբղետությամբ ու յուրօրինակություններով:

ԲՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱԾԸ

Արարատի մարզն իր բնական պայմանների առանձնահատկություններով անխզելիորեն կապված է Հայկական լեռնաշխարհի հետ` կազմելով նրա անբաժան մասը: Մարզի մակերևույթը բարդ է: Նրա հյուսիսային ու արևմտյան մասերը զբաղեցնում է Արարատյան գոգավորության մերձարաքսյան դեպի արևելք թույլ թեքված տափարակ հարթավայրը և Գեղամա լեռների ճյուղավորությունների նախալեռները: Իսկ արևելյան ու հարավային մասերը` Գեղամա լեռնավահանը և նրա վերջավորությունները: Սա մարզի առավել մասնատված մասն է կտրատված Ազատ, Վեդի և Արածոգետ գետերի ու նրանց վտակների առաջացրած գեղատեսիլ ձորերով, անդնդախոր կիրճերով ու հովիտներով:
Մակերևույթի ձևերի բազմազանությունն էլ հաշվի առնելով, այստեղ առանձնացվում է երեք աստիճան, որոնք հաջորդում են իրար բնականոն կարգով` ծովի մակարդակից ունեցած բարձրությամբ:
Առաջին և ամենացածր աստիճանը Արարատյան դաշտն է, որի առանձին տեղամասերն այստեղ կոչվում են Դվինի դաշտ, Վեդու դաշտ և Արածո դաշտ:

Գոգավորության հիմքում ընկած են երկրաբանական հնագույն հասակի ապառները, որոնց վրա կուտակվել են հետագա դարաշրջանների նստվածքային ապառաշերտերը: Դրանցից են Արարատի կրաքարերը, Արտաշատի բրուտագործական կավերը, որոնք դարեր շարունակ տեղի բնակիչներն օգտագործել են շինարարության, արհեստագործության և այլ բնագավառներում: Իսկ երկրագնդի պատմության միջին ժամանակաշրջանում` մեզանից մոտավորապես հարյուր վաթսուն, հարյուր յոթանասուն միլիոն տարի առաջ կուտակված հզոր բուսական նստվածքներից առաջացել են Ջերմանիսի քարածխային շերտերը: Դաշտի մակերևույթը հարթ է և իզուր չէ, որ մեր նախնիները այն կոչել են Տափերական դաշտ:
Միջին բարձրության գոտին, որն ընդգրկում է մինչև երկու հազար մետր բարձրությունները, ունի խիստ քայքայված ու կտրտված մակերևույթ: Քայքայումն ու խորդուբերդությունների առաջացումն այստեղ կապված են լեռնալանջերի մեծ թեքության և հոսող ջրերի ակտիվ աշխատանքի հետ, որոնց հետևանքով առաջացրել են վերը նշված անդնդախոր ու գեղատեսիլ ձորերը, ձորակները, կիրճերն ու քարափները, որոնց խորությունը երբեմն հասնում է մի քանի հարյուր մետրի: Բնության ստեղծած գեղատեսիլ այդ անկյուններից են Ազատի ու նրա վտակներ Դարբանդի, Միլիի, Վեդու և նրա վտակներ Խոսրովի, Մանկուկի Ախիսի, Շաղափի,
ինչպես նաև Արածոգետի ստեղծած հովիտները: Այս հովիտներով Արարատյան դաշտի առանձին հատվածներ վեր են բարձրանում ու մխրճվում լեռների մեջ:
Երրորդ ու ամենաբարձր մասը գրավում է երկու հազար մետրից ավելի բարձր տարածքները` Գեղամա լեռների ու նրա ճյուղավորությունների մերձգագաթային ու գագաթային շրջանները` ծածկված ալպյան փարթամ, բուրավետ ու բազմերանգ ծաղկագորգերով, որոնց ծառայել ու ծառայում են որպես անասունների ամառային արոտավայրեր:Այստեղ են գտնվում մարզի բարձրաբերձ լեռնագագաթները` Ուրծը, Ասլան սարը/Առյուծասարը/ Հունուտը, Գնդասարը, Մանկուկը, Ծաղկավետը, Երանոսը և այլը:
Մարզի բնության խայտաբղետությունն արտահայտվում է ամեն քայլափոխին: Ինչ վերաբերում է կլիմայական պայմաններին, ապա այն դրսևորվում է առավել ցայտունությամբ` հակադրություններով ու հակասություններով:
Գարունն Արարատյան դաշտում սկսվումէ մարտի երկրորդ կեսին և դեպի լեռներն է բարձրանում օրական երեք մետր, իսկ ձյան բծերը Գեղամա լեռների բարձրադիր լանջերից վերանում են միայն հունիսի սկզբներին:
Դվինի, Վեդու և Արածո դաշտերն ունեն խիստ արտահայտված չոր ցամաքային կլիմա, որտեղ տեղումների քանակը չի անցնում երեք հարյուր հիսուն միլիմետրից:
Սրանք Հայաստանի Հանրապետության ամենաչորային շրջաններն են, որտեղ գոլորշիացումը տարվա ընթացքում հասնում է հազար և ավելի միլիմետրի: Ձմեռը տաք է, սակավաձյուն: Հունվարյան միջին ջերմաստիճանը պլյուս վեց աստիճան է ըստ Ցելսյուսի, իսկ ամռանը /1962, 1998/ այն հասնում է մինչև պլյուս քառասուներկու աստիճանի: Ձմռանը օդի ջերմաստիճանը իջնում է մինուս քսանհինգ և ավելի աստիճան: Սակայն վերջինները բնութագրական չեն, այլ պատահական երևույթներ են, կապված մթնոլորտի շրջանառության և ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետ:
Ձմռանը, խաղաղ ու անհողմ եղանակների պայմաններում, այստեղ կուտակվող սառն ու ծանր օդն առաջացնում է ՙցրտի լիճ՚, որը պահպանվում է համարյա ամբողջ ձմեռվա ընթացքում: Հենց այդ պատճառովէլ միջին գոտում` մինչև երկու հազար մետր բարձրություններում, ձմեռը լինում է ավելի տաք ու արևոտ, քան Արարատյան գոգավորությունում:
Գարունն անցողիկ է ու կարճատև: Մայիսի երկրորդ տասնօրյակից օդի ջերմաստիճանը հաստատուն կերպով բարձրանում է պլյուս 15 աստիճանից և սկսվում է չոր, շոգ, հաճախ խորշակներով երկարատև ամառը, որը շարունակվում է մինչև սեպտեմբերի երկրորդ կեսը: Աշունը մեղմ է, անհողմ, հաճախ գալիս են թույլ անձրևներ: Այն շարունակվում է մինչև նոյեմբերի վերջերը: Գեղեցիկ է այն իր բոլոր խայտաբղետ ու անկրկնելի գույներով:
Մարզի հարթավայրային շրջանների համար բնորոշ են նաև լեռնահովտային քամիները: Ամռանը, կեսօրից հետո նրանք փչում են Գեղամա լեռներից, մի կողմից քիչ զովացնելով ցերեկվա տապը, մյուս կողմից` փոշոտելով օդը: Օդի հարաբերական խոնավությունը հաճախ կազմում է երեսուն տոկոս, իսկ երբեմն էլ` իջնում մինչև տասը տոկոս: Ինչպես նշեցինք վերևում, տեղումներից երեքից չորս անգամ ավելի գոլորշիացման պայմաններում այդպիսի չոր, ցամաքային կլիման անհնարին է դարձնում մշակաբույսերի աճը, առանց արհեստական ոռոգման:
Ինչ վերաբերում է Գեղամա լեռնավահանի արևմտյան լանջերին ու նրա Քառանիստ, Ուխտակունք, Խաչի Ցրտուտ, Մժասար լեռնաբազուկների Ուրծի ու Հունուտի լեռների հովիտներին ու միջլեռնային գոգավորություններին, Դահնակի ու Երանոսի լեռների առանձին տեղամասերին, ապա կլիման մեղմ է, տեղումների քանակը կրկնակի անգամ ավելի քան Արարատյան դաշտում և դա է եղել պատճառը, որ նշված տարածքներում խիտ է եղել բնակչությունը, ինչի վկան են մի քանի տասնյակ բնակավայրերի հետքերը, որոնք հանդիպում են այս տարածքներում:
Արարատի մարզի գետերը պատկանում են Արաքս ավազանին: Նրա տարածքով են անցնում Մեծամոր ու Հրազդան գետերն իրենց ստորին հոսանքներով, իսկ Ազատը, Վեդին և Արածոգետը` ամբողջ ընթացքով` ակւնքից, գետաբերան: Մի քանի տասնյակ գետակներ ու սելավներ էլ լեռներից հազիվ Արարատյան դաշտ են հասնում, իսկ ամռանն էլ բոլորովին չորանւմ են:
Թվարկած հինգ գետերից միայն Արածոգետն է, որ իր ստորին հոսանքում անցնում է հանրապետության սահմաններից դուրս: Մնացած գետերի ջրերն ամռանը լիարժեք օգտագործվում է ոռոգման կարիքների համար: Եվ հենց առաջին հերթին նրանց կենարար ջրերն են եղել պատճառը, որ մարզի Արարատյան գոգավորության հատվածը բնակեցվել է չորսից հինգ հազար տարի առաջ և մեր նախնիները հմտացել են հողագործության մեջ, այն հասցնելով կատարելիության աստիճանի: Որպես լեռնային գետեր նրանք հիմնականում սնվում են գարնան ձնհալքից և անձրևաջրերից և վարարում են ապրիլ-մայիս ամիսներին, և ոռոգվող Արարատյան դաշտի օգտագործման համար կառուցված են յոթանասուն միլիոն խորանարդ մետր ծավալով, Ազատի`Ազատ գետի վրա, և տեղական նշանակության Զանգագատան ջրամբարը Արածոգետի վերին հոսանքներում` Հորթուն գյուղատեղի մոտ:
Մարզի տարածքում, չնայած այն եղել է ոռոգման կարիք ունեցող հին երկրագործական տարածք, չեն պահպանվել մեր նախնիների կառուցած ոռոգման համակարգերի հետքեր, իրար զուգահեռ կառուցված Կախանովի և Արտաշատի ջրանցքները կառուցվել են 19-20-րդ դարերում: Կախանովը ջրանցքը կառուցել է 1870-74թվականներին, Անդրկովկասյան փոստային օկրուգի պետ. գեներալ
Ն.Ն.Կախանովի նախաձեռնությամբ, դեռևս հնագույն ժամանակներից գոյություն ունեցող ջրանցքի ընթացքով: 1870թ. Ն.Ն.Կախանովը Արազդայանի /Երասխավան/
կիսանապատները /10079 դեսյատին/ 65 տարով վարձակալեց , նպատակ ունենալով այնտեղ զբաղվել շաքարի ճակնդեղի մշակումով: 1874թ. նոյեմբերի 5-ին շինարարությունն ավարտեց ծախսելով 200000 ռուբլի /ռուսական ոսկով/: Ջրանցքն ունի 36 կմ երկարություն: Այն վերակառուցվել է 1930-ական թվականներին:
Արտաշատի ջրանցքը կառուցվել է 1930 թվին: Սկիզբ է առնում Հրազդան գետի ձախ ափից` Երևան քաղաքում, ունի վաթսունմեկ կիլոմետր երկարություն և ոռոգում է մոտ քսան հազար հեկտար հողատարածք: Ջրանցքը վերջանում է միանալով Վեդի գետին: Մարզի տարածքում է գտնվում հանրապետության ոռոգման համակարգի կարևոր կառույցներից մեկը` Ազատի ջրամբարը` յոթանասուն միլիոն խորանարդ մետր ծավալով: Ջրամբարի կառուցումից հետո Արտաշատ ջրանցքը հիմնականում սկսվում է նրանից:
Վեդի գետն ու նրա Քարաղբյուր, Շաղափ վտակներն ունեն տեղական ոռոգիչ նշանակություն: Մարզի հողատարածքները ոռոգումն ապահովելու նպատակով կառուցված են Մխչյանի, Ազատի, Արմաշի, Քաղցրաշենի, Մասիսի, Արազափի խոշոր
ջրհան կայանները: Ընդ որում` Մխչյանի ջրհան կայանն ունի տասնչորս հազար չորս հարյուր կիլովատ հզորություն և ոռոգում է չորս հազար քսան հեկտար հողատարածք, Ազատինի` համապատասխանաբար հինգ հազար չորս հարյուր կիլովատտ և երկու հազար հինգ հարյուր հեկտար, Արմաշինը` հինգ հազար հինգ հարյուր վաթսուն և հազար յոթ հարյուր քսանհինգ, Քաղցրաշենինը` հինգ հազար վեց հարյուր քառասուն և հազար երկու հարյուր քառասուն ութ, Մասիսինը` երկու հազար հարյուր և հազար երկու հարյուր տաս, Արազափինը` տասներկու հազար երեք հարյուր քառասուն երկու և հազար քսանութ հեկտար հողատարածք:
Մարզի ոռոգման համակարգի համար կարևոր նշանակություն ունի Արարատի-արտեզյան ավազանի ջրերի օգտագործումը, որին, սակայն պետք է վերաբերվել շատ մտածված ու հավասարակշռված:
Մակերևույթի կառուցվածքից ու կլիմայական պայմանների բազմազանությունից է կախված մարզի բնական համալիրների բաղադրատարրերի բազմազանությունն ու յուրատեսակությունը, որն էլ իր հերթին նպաստել ու նպաստումէ ինչպես մարզի տնտեսական յուրացվածությանը, այնպես էլ բնության անկրկնելիությանը:
Լեռնային երկրների ուղղաձիգ գոտիականության օրենքին համապատասխան մարզի տարածքում առանձնացվում են անապատային-կիսանապատային, չոր տափաստանային, լեռնատափաստանային, անտառային, լեռնամարգագետնային և ալպյան ու մերձալպյան լանդշաֆտներ, որոնք էլ իրենց հերթին ընդգրկում են առանձին, յուրահատուկ տեղամասեր:
Որպես առանձին լանդշաֆտային տեղամաս առանձնացվում է Մեծամոր-Ուրծադաշտի մարգագետնային ճահճակալված աղակալված դաշտերի շրջանը, որն ընդգրկում է Արարատյան գոգավորության մերձարաքսյան հատվածը: Այստեղ լավ են արտահայտված աղակալված հողերով անապատային լանդշաֆտները, որոնք ընդմիջված են կիսանապատային տեղամասերով: Առանձնացվում է Մեծամոր-Հրազդանի մարգագետնային տեղամասը, որը հարթ է, տափարակ: Գետերն առաջացնում են գալարներ և ճահճուտներ, իրեն բնորոշ կենդանական ու բուսական համակցություններով: Տեղամասն ունի հարուստ ջրային պաշարներ և այն կարելի է օգտագործլ ոռոգման նպատակով:
Դվինը, Վեդու և Արածո դաշտերը մերձարաքսյան հատվածների Մեծամոր-Հրազդանի մերձգետային մարգագետինները և անապատային-կիսանապատային բնատեղամասերի շարունակություններն են: Իսկ հարթավայրը եզերող Երանոսը և Ուրծի լեռների ստորոտներն ու դաշտահայաց լանջերը չոր են, աղքատ բուսականությամբ, սակավազոր խճալից, հումուսով աղքատ հողերով, մեծ մասամբ ծածկված օշինդրային բուսականությամբ, որոնք հայտնի են ՙբեդլենդներ՚ /վատ հողեր/ անվամբ: Այն ինչպես նախկինում, այնպես այժմ ամենաթույլ յուրացված ու տնտեսապես համարյա անօգտագործելի շրջան է:
Ինչ վերաբերում է Գեղամա լեռների արևմտյան լանջերին ու մինչև Արարատյան դաշտը իջնող լեռնաբազուկներին, ապա այնտեղ, ներքևից-վերև առանձնացվում են չոր տափաստանային` գարնանային վաղանցիկ բուսականությամբ, լեռնատափաստանային` հացազգի և տարախոտային բուսականությամբ, անտառային լեռնա-մարգագետնային և ալպյան մարգագետնային բուսականությամբ լանդշաֆտներ: Առանձնացված տեղամասերից առավել բնակեցված ու յուրացված է եղել մինչև երկու հազար մետր բարձրության վրա գտնվող անտառային տեղամասերը և այստեղ էլ պահպանվել են ավելի շատ բնակատեղիների հետքեր և պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձաններ:
Ամփոփելով Արարատի մարզի բնության նկարագրությունն ասենք, որ մակերևույթի բարդ երկրաբանական ու ձևաբանական կառուցվածքը, զուգակցված ծովի մակարդակից ունեցած բարձրությամբ լանդշաֆտների փոփոխման հետ, հանգեցնում է նրան, որ ամեն մի լեռնաշղթայի թիկունքում ու հովտում ի հայտ է գալիս մի նոր աշխարհ: Այստեղ զուգակցվում են դաժանությունն ու նրբությունը: Դաժան են նրա ամռան շոգն ու լեռնային ձմռան բուքը, բիրտ ժայռերի սուր ցցվածքներն ու անդնդախոր ձորերը: Դաժան ու համառ են նրա քարերը` հայ հողագործի երդվյալ թշնամիները:
Բայց այստեղ կան նաև մի ուրիշ աշխարհ, դա ալպյան ծաղկագորգերով մարգագետինների, Խոսրովի արքայական զովաշունչ անտառի, միշտ կարկաչող լեռնային վճիտ աղբյուրների ու Արարատյան դաշտի արևահամ ու արևահոտ պտուղներով ծանրաբեռված այգեստանների աշխարհն է:
Բնության ու մարդու կողմից արարված այս անկյունում կանաչ հովիտներն ու չոր, անկենդան ժայռերը միասին տեղանքին տալիս են մի խիստ, նուրբ ու վայրենի, ժլատ ու շռայլ բայց և անկրկնելի հեթանոսական գեղեցկություն:
Ինչպես կարող եմ Հայաստան ասել
Ու Մասիսների թագին չնայել,
Ինչպես կարող եմ նայել ժայռերին
Ու չխոնարհվել վիհերի գահին:
Մարզի բնական գեղեցկությունների շարքում իրենց ուրույն տեղն ունեն նաև նրա ծիծաղկուն ու կնճռոտ դեմքի ձևավորման լուռ վկաները` երկրակեղևը, բազմաշերտ ու բազմերանգ կտրվածքներն ու բազմաթիվ քարանձավ-վիհերը, իսկ ամենուր կանգնեցված խաչքարերից շատերը կարող են համարվել քարգործության ու խաչքարակերտման արվեստի գլուխգործոցներ:

ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ՄԱԳԱՂԱԹՆԵՐՆ ՈՒ ՔԱՐԵՐԸ

Արարատի մարզի տարածքն, ինչպես նշեցինք, ընդգրկում է պատմական Հայաստանը Այրարատ աշխարհի Ոստան Հայոց, Ուրծ, Արած գավառների տարածքները: Ոստան Հայոց և Ուրծ գավառները Այրարատ աշխարհի քսաներկու գավառների մեջ խիստ կարևոր էին և առանձնապես նշանավորվել են պատմական հարուստ անցյալով: Ոստան Հայոցում էին գտնվում Արտաշատ` հիմնադրված մեր թվարկության երկրորդ դարում և Դվին`4-րդ դարում, մայրաքաղաքները, որոնց հարուստ պատմական անցյալը բավականին ուսումնասիրված է: Ինչ վերաբերում է Ուրծ և Արած գավառներին, ապա նրանց մասին եղած տեղեկությունները խիստ կծկտուր են ու ցրված տարբեր աղբյուրներում: Նրանց մասին պատմիչները հիշատաեն դեպքից - դեպք:
Այսպե Ուրծ և Արած գավառների մասին առաջին հիշատակողը պատմիչ Եղիշեն է,
որն իր ՙՎարդանանց պատմության՚ մեջ հիշատակում է Ուրծի Ներսեհ իշխանին, որը Սյունյաց Վասակ իշխանի համախոհն է եղել: Այդ նույն տեղում պատմիչը մեծ ակնածանքով է հիշում Արածո գյուղից Սամվել ու Աբրահամ երեցներին, որոնք Վարդան Մամիկոնյանի համախոհներն էին, ազատագրական շարժումների ակտիվ մասնակիցներ ու կազմակերպիչներ: Տիզբոնի ատյանի վճռով նրանք, ապստամբության մի քանի այլ ղեկավարների հետ նահատակվեցին Խորասանում: Վեցերորդ դարից Ուրծում հիշատակվում է Վարազ Ներսեհ իշխանը, որը գժտվել է հայոց տանուտեր Վահան Մամիկոնյանի հետ, քաշվել է իր ամրոցը և այլևս չի խառնվել հայոց աշխարհի ներքին ու արտաքին գործերին: Յոթերորդ դարում հիշատակվում է Համազասպի որդի Սահակ իշխանը: Ութերորդ դարում Մովսես Կաղանկատվացի պատմիչը հիշատակում է Արածո իշխան Ապուջաֆրին: Սա հրաժարվում է եկեղեցուն հարկ տալուց, Դավիթ կաթողիկոսը նրան ՙանեծքի թուղթ՚ է գրում, որից հետո ձերբակալվում է, տարվում Պարտավ և կենդանի տիկ հանվում: Այդ նույն դարում` 775թ. արաբների դեմ բարձրացված ապստամբության ժամանակ Արճեշի ճակատամարտում քաջի մահով ընկած չորս նախարարներից մեկը Ուրծ գյուղից էր, հիշատակում է Ղևոնդ պատմիչը: 13-15-րդ դարերում այս տարածքն ապրում է համեմատաբար խաղաղ ու մշակութային աշխույժ կյանքով: Պռոշյան-Խաղբակյան և նրանց հաջորդած Օրբելյան իշխանական տները լավ հարաբերությունների մեջ էին Հայաստանը նվաճած մոնղոլների հետ: Եվ պատահական չէ, որ հենց այդ ժամանակաշրջանում է իշխանական նշված տների հովանավորությամբ ու աջակցությամբ ստեղծվել է այն հարուստ ու բազմազան ժառանգությունը, որն այսօր էլ պահպանվում է մարզի տարածքում: Կառուցվում են Գեղարդը, Հավուց թառը, Աղջոց, Սուրբ Կարապետի վանական համալիրները, երեք տասնյակ եկեղեցիներ, կերտվում են ու կանգնեցվում մի քանի հարյուր խաչքարեր ու մահարձաններ: Նշված եկեղեցիներից ու վանքերից շատերին կից բացվում են դպրոցներ, գրատներ:
Մինչև 13-14-րդ դարերը այստեղ` Վեդի և Ազատ գետերի վերին հոսանքներում կալվածքներ ունեին Մամիկոնյանների սերունդները: Նրանց նստավայրը եղել է Մանկուկ գյուղը, որտեղ էլ պահպանվել է Մամիկոնյանների դամբարանը: Մանկուկի ճանապարհին տոհմական գերեզմանոցը` մեկ տասնյակից ավելի հիասքանչ քանդակազարդ խաչքարերով, այդ թվում Գրիգոր և Մայրամ Մամիկոնյանների գերեզմանը:
Մոնղոլական տիրապետության վերանալուց-թուրքական տարերի ներթափանցելուց հետո, մարզը կորցրեց անդորրը: Իրար հաջորդած պարսկա-օսմանյան պատերազմները վիճակը դարձնում էին ավելի ու ավելի անտանելի: Առավել ահավոր էր 1604 թվականը: Շահ Աբասի կողմից կազմակերպված ՙմեծ սուգունը՚: Սա պատմության մեջ ամբողջ ժողովրդի առաջին զանգվածային տեղահանումն էր, երբ դատարկվում էր ամբողջ երկիրը:
Հիշատակելով հայաթափված գավառները, պատմիչ Առաքել Դավրիժեցին նշում է մարզի տարածքն ընդգրկող գավառներն ու բնակավայրերը: Տեղահանության ու գաղթից հետո տասնյակ գյուղեր ամայի ու անմարդաբնակ դարձան: Այրարատյան աշխարհի վրայով մահաբեր շունչ էր անցել: Պակասը լրացրեց 1679թ. հունիսի 4-ի երկրաշարժը, որի ժամանակ կործանվեցին կանգուն շինություններից շատերը, այդ թվում շատ վանքեր ու եկեղեցիներ: Անտեր ու թափուր մնացած այդ տարածքներում տասնվեցերորդ դարի վերջերից ու տասնյոթերորդ դարի սկզբներից կամաց-կամաց հաստատվեցին թուրքական անասնապահ քոչվոր ցեղերը, որոնք ավելի ուշ վերջնականապես հիմնավորվեցին հայաթափ բնակավայրերում: Մինչև տասնիններորդ դարի սկիզբը հայերն այստեղ փոքրամասնություններ էին կազմում: Հաստատվելով այստեղ, այդ օտար տարրը համարյա բոլոր բնակավայրերին տվել էին նոր անուններ` մի մասը թարգմանելով, մի մասը` հնչյունափոխությամբ հարմարեցնելով թուրք-թաթարական լեզվին, իսկ մի մասին էլ տվել է այս կամ այն շեյխը, մոլլայի, բեկի, կամ պարզապես անուն հանած որևէ ավազակի անուն: Բարեբախտաբար, պատմությունն ու վիմագրությունը պահպանել են այդ բնակավայրերից շատերի անունները: Չնայած այսօր դժվար է որոշել նրանցից շատերի տեղադիրքը:
Մարզի այժմ գոյություն ունեցող և անհետացած բնակավայրերի մասին տեղեկությունները ցրված են տարբեր աղբյուրներում: Հարուստ, գրավոր պեղածո և բանավոր տեղեկություններ են պահպանվել մայրաքաղաքներ Արտաշատի ու Դվինի մասին: Ավելի շատ տեղեկություններ մեզ կարող են տալ հին բնակատեղիներ և մշակույթի հուշարձանների մանրակրկիտ ուսւմնասիրությունը: Այդ բնակատեղիներից շատերը վերաբերում են մ.թ.ա 5-4 հազարամյակներին: Մարզի տարածքում այսօր հիշվում է մոտ 35 հնագույն բնակատեղիներ, ամրոցներ, դամբարանադաշտերի հետքեր, որոնք վերագրվում են մ.թա. 5-1 հազարամյակներին: Ինչ վերաբերում է այն հուշարձաններին, որոնց ստեղծման ժամանակը կարելի է ճշգրիտ որոշել և որոնց մասին կան գրավոր տեղեկություններ` պատմիչները երկերում ու վիմագրություններում, ապա նրանց թիվը անցնում է 1000-ը, իսկ նոր և նոր հաշվառված ` 400-: Մի հայացքով ընդգրկել այդ ահռելի թվով հուշարձաններին ու տալ նրանց պատմամշակութային արժեքը` դժվար է:
Աշխատանքը, որը նպատակ ունի ծանոթացնելու մարզի պատմությունը ուսումնասիրողին, մարզի համառոտ պատմությանը, պատմամշակութային հուշարձաններին և ինչ որ տեղ էլ այն աղբյուրներին, որոնցից կարելի է տվյալներ քաղել:

ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ

Արքայական որսատեղին
4րդ դարի առաջին կեսին Արշակունյաց Հայաստանը Խոսրով երկրորդ /Կոտակ/ թագավորի օրոք, 330-338 թվականներին, ապրեց մի կարճատև խաղաղություն և զբաղվեց խաղաղ, շինարարական ու երկրի բարեկարգման աշխատանքներով:

Խոսրով թագավորի առաջին հոգսը տերության մայրաքաղաքի հարցի լուծումն էր: Այն առաջացել էր Արաքս գետի և նրա Մեծամոր վտակի` Արտաշատ քաղաքից հեռանալու հետևանքով, որով էլ խախտվել էր գետախառնուրդում, դեռևս մ.թ.ա. 160 թվականին, Արտաշես առաջինի կողմից կառուցված մայրաքաղաքի` Արտաշատի ջրամատակարարումը, կլիմայական ու առողջարարական պայմանները:

Չցանկանալով հեռանալ երկրի կենտրոն հանդիսացող Այրարատ աշխարհի Ոստան գավառից, նա որոշեց նոր մայրաքաղաք կառուցել հենց նույն գավառում:
Արտաշատ մայրաքաղաքից հյուսիս-արևելք վաղուց ի վեր գտնվում էր Տիկնունի ամրոց-ապարանքը, որը ծառայում էր որպես ամառանոց` պալատական տիկնանց համար: Այդ ապարանքից ոչ հեռու, Ազատ գետի մոտ, բլրի վրա, նա կառուցեց արքայական պալատներ, իսկ շուրջը տարածվեց մայրաքաղաքը` պարսպապատ ու գեղեցկաշեն: Մայրաքաղաքը կոչվեց Դվին, որն ըստ Մովսես Խորենացու մեկնաբանման պարսկերեն նշանակում է ՙբլուր՚: Մայրաքաղաքի համար առողջ ու գեղեցիկ միջավայր, ինչպես նաև արքայական զվարճությունների համար մոտիկ որսատեղի ունենալու մտադրությամբ, նա Գառնի ապարանքից` Ազատ գետի հոսանքն ի վար, մինչև Արտաշատ մայրաքաղաքն ու Արաքս գետը տնկել տվեց արհեստական անտառ: Այն բաղկացած էր երկու մասից` Գառնիից մինչև Դվին կոչվում էր Տաճար մայրի, իսկ Դվինից մինչև Արաքս` Խոսրովակերտ:
Արքայական այս ձեռնարկումը հայոց պատմության կարևոր իրադարձություններից մեկն էր և չէր կարող չհիշատակվել հայ պատմիչների` և առաջին հերթին Մովսես Խորենացու կողմից: Նրա ՙՀայոց պատմության՚ շնորհիվ է, որ տեղեկություններ ունենք նաև ավելի վաղ տնկված ՙՍոսյաց՚ և ՙԾննդոց՚ անտառների մասին:
Խոսրովի ձեռնարկածի մասին պատմահայրը գրում է. ՙ...Փոքր Խոսրովը անտառ տնկեց Ազատ գետի մոտ, որը մինչև այժմ էլ կոչվում է նրա անունով: Նաև արքունիքը տեղափոխում է անտառից վերև, մի բլրի վրա և շինում է արևից պատսպարված ապարանք: /Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երևան, 1983, էջ` 248 :
Խոսրով Կոտակը հայոց պատմության ու հայ ժողովրդի հիշողության մեջ մնացել է առաջին հերթին շնորհիվ իր մեծ ձեռնարկի: Երբ այն քննում ենք տասնյոթ դար անց, ապա զգացվում է այն բնապահպանական ու էկոլոգիական մեծ դերը, որ ունեցել են Տաճար մայրին ու Խոսրովակերտը, Արարատյան դաշտի չոր կիսանապատային ու լեռնատափաստանային տարածքում: Պատահական չի եղել արքայական որսատեղի ընտրությունը: Փաստորեն այն տնկվել է Ազատ գետի հոսանքն ի վար, նրա ամբողջ ընթացքով: : Անտառի Խոսրովակերտ հատվածը վերացել է, իսկ Տաճար մայրուց մնացել են առանձին հատվածներ ու թփուտներ, որոնք էլ ձուլվել են այն բնական անտառին, որը դարերով կոչվել ու կոչվում է Խոսրովի անտառ: Խոսրով արքայի անունը ժողովուրդը անմահացրել է ոչ միայն անտառի, այլև Խոսրով բնակավայրի ու Խոսրով գետի անուններով, որոնք երկուսն էլ գտնվում են համանուն անտառում, և վերջապես տարածքի ամենախոշոր լեռնազանգվածի` գեղատեսիլ Խոսրովսարի անունով:
Դեռ ավելին. Հայ ժողովուրդն իր երախտագիտությունն Խոսրով արքայի նկատմամբ արտահայտել է նրանով, որ այստեղ` Կոտուց լեռան լանջին գտնվող դամբարանը /գերեզմանը, ըստ ավանդության/ վերագրել է նրան, կարծես չցանկանալով` զատել իր սիրած ու փայփայած որսատեղիից, չհավատալով, որ Խոսրով արքան մահացել է իր իսկ ձեռքով ու կամքով կառուցած Դվին մայրաքաղաքում ու թաղվել Արշակունիների տոհմական գերեզմանոցում` Դարանաղյաց գավառում իր նախնիների` Արշակունի թագավորների կողքին` :
Անցան տասնյոթ խառնակ դարեր:
1958թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց այս և հարակից տարածքները հայտարարել արգելոցային գոտի: Ստեղծվեց Խոսրովի պետարգելոցը:                                                                    

 Հեղինակ`    Սամվել Հակոբյան

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2014-07-24 16:03:56